
ԱրմԻնֆո. Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է բռնկվել Բաթումիում կայացած ֆուտբոլային խաղում թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների մասնակցությամբ միջադեպի պատճառով։
Նշենք, որ նոյեմբերի 26-ի երեկոյան Բաթումի Արենա մարզադաշտում՝ Բեեր-Շևայից իսրայելական «Հապոել»-ի դեմ Եվրոպա լիգայի խաղից առաջ, բախումներ են տեղի ունեցել թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների և ոստիկանության միջև։ Վրացի իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել։
Առաջին բախումների պատճառը, ենթադրաբար, պաղեստինյան դրոշն է եղել։ ԶԼՄ-ներում տարածված կադրերում երևում է, թե ինչպես երկու երկրպագու այն բացում են տրիբունաներում, իսկ սև հագուստով մարդիկ մոտենում են նրանց և փորձում խլել դրոշը։ Դա բողոքի պատճառ է դարձել, որը վերաճել է բախումների։
Կադրերում երևում է, թե ինչպես են երկրպագուները պոկում տրիբունաների նստատեղերը և նետում ոստիկանների վրա։ Տեղի ունեցած միջադեպը թուրքական կողմի մոտ հիստերիկ արձագանք է առաջացրել։ Տարբեր մակարդակների պաշտոնյաներ հանդես են եկել զայրացած հայտարարություններով և հեռախոսազրույցներ ունեցել վրացի գործընկերների հետ՝ ընդգծելով տեղի ունեցածի անթույլատրելիությունը։
Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի առնչությամբ հայտնել է, որ ֆուտբոլային խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ 16 մարդ է ձերբակալվել։ Հավելվում է, որ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել։
Գերատեսչությունում նշել են, որ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների մի մասը հայհոյանքներ է հնչեցրել, տարբեր առարկաներ նետել, անտեսել ոստիկանության օրինական պահանջները և դիմադրություն ցույց տվել իրավապահներին։
«Մարզադաշտի տարածքում հակամարտությունը շարունակվել է․ երկրպագուները վնասել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ պոկել նստատեղերը և նետել դրանք ոստիկանների վրա։ Անկարգությունները կանխելու և հասարակական անվտանգությունն ապահովելու համար իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ն առանձին հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ուժի կիրառումը կապված է եղել պաղեստինյան դրոշների և պաստառների ցուցադրման հետ՝ նշելով, որ ոստիկանության հետ բախումները սկսվել էին դեռ մարզադաշտ տանելու ճանապարհին՝ նախքան պաղեստինյան խորհրդանիշների հայտնվելը։
Իրավիճակը մեկնաբանել է նաև Վրաստանում Barca-ի պաշտոնական երկրպագուների ակումբի փոխնախագահ Թորնիկե Ռազմաձեն, որը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վրացական կողմն իրավունք ուներ հրաժարվել երկրի տարածքում թուրքական և իսրայելական թիմերի միջև խաղի անցկացումից՝ հաշվի առնելով նման միջոցառման հետ կապված հասարակական բարձր ռիսկերը։
«Խաղի կազմակերպման և չեզոք մարզադաշտի ընտրության պատասխանատվությունը կրում էր հանդիպման ֆորմալ տանտերը՝ թուրքական կողմը։ Հենց նա առաջարկեց խաղն անցկացնել Բաթումիում՝ համաձայնեցնելով դա Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Մինչ այդ մի շարք երկրներ արդեն հրաժարվել էին նմանատիպ խաղեր ընդունելուց՝ անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»,- նշել է նա։
Ռազմաձեի խոսքով՝ 2024 թվականին Besiktas-ի և Maccabi-ի (Թել Ավիվ) միջև խաղը կայացել է Բուդապեշտում, սակայն խիստ սահմանափակումներով՝ առանց հանդիսականների, նմանատիպ միջադեպերը կանխելու նպատակով։