
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների և ՀՀ սահմանադրության վերաբերյալ:
Նոյեմբերի 26-ին ճեպազրույցում Զախարովան այդ հայտարարությունները որակել է "անտեղի հուշումներ": Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն իրենցից ներկայացնում են անպատկառ միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: Զախարովան նշել է, որ նման որոշումները հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց "դրսից անտեղի հուշումների": Առավել ևս, որ Գերմանիային դա, ընդհանրապես, չի վերաբերում", - ասել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրել էր Հարավային Կովկասում մարդկանց և նրանց ապագայի հաշվին ազդեցությունը պահպանելու փորձի համար և կոչ էր արել Երևանին ընդունել նոր սահմանադրություն:
Այդ առնչությամբ Զախարովան նշել է, որ Վադեֆուլի հայտարարությունները, որոնք արվել են Երևանում և Բաքվում, նոր չեն։ Դրանք տեղավորվում են ԵՄ ապակառուցողական գործողությունների գծում, որը ձգտում է սեփական նարատիվներն առաջ տանել Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ոչ թե հանուն արարման, այլ հանուն Ռուսաստանի դուրս մղման և լարվածության նոր օջախների ստեղման։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, շահագրգռված չէ ճգնաժամերով եւ հետեւողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության օգտին: "Հենց ռուսական ակտիվ մասնակցությունն է թույլ տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականին, մշակել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ", - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հավելելով, որ Ռուսաստանը, ինչպես և տարածաշրջանի մյուս երկրները և նրանց հարևանները, հավատարիմ է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին: Նրա խոսքով՝ այդ մոտեցումն ընկած է տարածաշրջանային համագործակցության "3+3" հարթակի գործունեության հիմքում: "Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այն կակտիվանա հերթական փուլում", - հավելել է Զախարովան: