


Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Աշոտյանն արդեն 950 օր կալանքի տակ է։ "Անազատության ընդհանուր ժամկետով (բանտաին + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին ", - գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Աշոտյանը կրկին ձերբաաակալվել էր հունիսի 5-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը ՝ մեկ ամիս ժամկետով: Հուլիսի 3-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով: Իսկ արդեն հուլիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով, որը հետագայում երկարաձգվել է: Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ "ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը 6 անձի հետ համաձայնությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, օգնել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին ՝ օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելու հարցում":


