
Արմինֆո.Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է, այլ ոչ թե՝ միջազգային ստանդարտների պահանջ։ "Արցախ միություն" հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:
Հայաստանի վարչապետը նոյեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով արդարացի է նման որոշումը, հայտարարել է, որ դա "անհրաժեշտ է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքները պահպանելու և "Եռաբլուր" զինվորական պանթեոնի ընդլայնումը կանխելու համար":
«Այսօրվա իր պարզաբանմամբ՝ Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է՝ իրենց «խաղաղության» կեղծ թեզերի հիմնավորմամբ:
Այսինքն, ՆԳՆ-ի ճիգերը հիմնավորելու այդ խայտառակությունը միջազգային ստանդարտներով հենց իրենց կողմից ժխտվում են: Էլ չասեմ, որ սխալ ու մոլորեցնող պնդումներ են անում ISO ու ICAO փաստաթղթերի վերաբերյալ:
Իսկ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ՝
1. Գրե՛ք այն, ինչ գրված է մարդկանց ծննդականներում, դա է միջազգային ստանդարտը՝ ԽՍՀՄ կամ Հայաստան կամ ԼՂՀ (վերջինը, այո, ISO ստանդարտից դուրս է):
2. Իսկ եթե քաջություն կամ քաղաքական կամք չունեք Ադրբեջանից բացի այլ պետության անվանում գրել, այդ դեպքում գրեք միայն բնակավայրի անվանումը: Ընդ որում՝ դա էլ պետք է գրել այնպես, ինչպես գրված է ծննդականներում, ոչ թե փորձեք ադրբեջանական օկուպացիոն անվանումներ գրել:
3. Կարող եք նաև դատարկ թողնել ծննդավայրի դաշտը:
Եվ վերոնշյալ երեք լուծումները ամբողջապես համապատասխանում են միջազգային նորմերին ու պրակտիկային: Իսկ անձը պետք է ազատություն ունենա ընտրելու եղած տարբերակներից որևէ մեկը, ոչ թե իր վզին փաթաթեն քաղաքական իշխանության քարոզչական թեզերն ու նպատակները», - գրել է Արտակ Բեգլարյանը
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, պարզաբանելով, թե ինչու է բռնի տեղահանված արցախցիների նոր կենսաչափական փաստաթղթերում "ծննդավայր" դաշտում նշված "Ադրբեջան": Այնտեղ հաղորդել են, որ նման նշումն, իբր, նախատեսված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 եւ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) 3166 չափորոշիչներով։ "Արցախ" միությունը դատապարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության այդ պարզաբանումը, նկատելով, որ ոչ ICAO-ն, ոչ ISO-ն չեն պարտավորեցնում արցախցիների անձնագրերում նշել "Ադրբեջան": Կազմակերպությունում համոզմունք են հայտնել, որ միջազգային չափանիշներին և դատական ակտերին հակասող այդ պահանջը պայմանավորված է բացառապես Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշմամբ և հանրապետության նոր օրենքով, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոխել:
Նշենք, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կողմից տրված կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է բառացիորեն ՝ ծննդյան վկայականի տվյալներին համապատասխան։ Եթե քաղաքացին ծնվել է պայմանականորեն Խորհրդային Հայաստանում, այնտեղ նշվում է Հայկական ԽՍՀ-ն, իսկ անգլերեն՝ բացառապես USSR, այլ ոչ թե` Հայաստան: Եվ այսպես շարունակ ՝ անալոգիայով: Ավելին, նախկինում Արցախի քաղաքացիները 30 տարի առանց խնդիրների ճամփորդել են, ձեռքներին ունենալով անձնագիր՝ ծննդավայրը Լեռնային Ղարաբաղ նշումով։