


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայր աստիճան լարված:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: «Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 Զինվոր, Մարտակերտի ուղղությամբ, 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ, 1 ուղղաթիռ»,-նշում է աղբյուրը:
Բացի այդ, ՊԲ հաղորդում է, որ առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում, ՄՄ -21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև, խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12: 30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:



