


ԱրմԻնֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եկել է իր սահմանների համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակը։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը, և արդյոք այդ կապակցությամբ կոնկրետ ժամկետներ սահմանվե՞լ են։
<Մենք շնորհակալ ենք ռուս սահմանապահներին այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ նրանք կանգնած են եղել Հայաստանի սահմաններին, սակայն կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի առաջիկա տարիներին մենք ամբողջությամբ ինքներս ստանձնենք մեր սահմանների համար պատասխանատվությունը>, - ընդգծել է կառավարության ղեկավարը։
Նշենք, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը։
Հիշեցնենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի և մի շարք երկկողմ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը "թեկուզ վաղը" դուրս բերելու պատրաստակամության մասին։ "Եթե Հայաստանը կարծում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն անհրաժեշտ չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչինչ ոչ մեկին պարտադրել չենք պատրաստվում։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ մոտակայքում լինի ինչ-որ ռազմական "ռուսական թև", մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք", - ասել էր նա։


