
ԱրմԻնֆո. Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է նրանց փաստացի բնակության վայրի համայնքի որակավորված սոցիալական աշխատողը։ Որոշումն այդ մասին ընդունվել է նոյեմբերի 26-ին կառավարության նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծնողական խնամքից զրկված երեխաների և ծնողական խնամքից զրկված երեխաների խմբին դասվող անձանց հաշվառման ու կարգավիճակի հաստատման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին», «Ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխաների պաշտպանության համակարգի մասին» օրենքը, ինչպես նաև Ընտանեկան օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթաօրենսդրական ակտում։ Ներկայումս հաշվառման գործընթացն իրականացվում է երեք փուլով՝ առաջնային, տարածքային, կենտրոնացված։ Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի գործառույթները հաշվի առնելով՝ վերոնշյալ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում կարգավիճակի որոշման գործընթացում սահմանվել են միայն երկու մարմիններ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները և մարզպետների աշխատակազմերի աշխատակիցները, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը։ Բացի այդ, խնամակալության և հոգաբարձության մարմինները, տեղեկատվական համակարգում գրառումներ կատարելու հնարավորություն չունենալով, շարունակում են թղթային գրանցումներ վարել, ինչը, առնվազն, անհնար է դարձնում սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի կողմից վիճակագրության վարումը։ Որոշ դեպքերում միասնական տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով նույն անձը հաշվառվում է տարբեր համայնքներում։
Ներկայումս Հայաստանում հաշվառված է ծնողական խնամքից զրկված 825 երեխա և ծնողական խնամքից զրկված երեխաների խմբում ընդգրկված 362 անձ։ Հաշվառման եռաստիճան համակարգը անհիմն կերպով ձգձգում է գործընթացը, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինն իր վրա է վերցնում կենտրոնացված հաշվառումն ու կարգավիճակի հաստատումը՝ չունենալով սոցիալական աշխատանք իրականացնելու, տեղում գործին ծանոթանալու, ինչպես նաև գնահատում իրականացնելու հնարավորություն և լիազորություն։ Գործընթացը ոչ միտումնավոր կերպով ձևական բնույթ է ստանում։
Նախագծով առաջարկվում է կարգավորել ծնողական խնամքից զրկված երեխաների և ծնողական խնամքից զրկված երեխաների խմբում ընդգրկված անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի ամբողջական իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառման իրականացումը։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծնողական խնամքից զրկված երեխաների թվում գտնվող անձինք հաճախ տեղեկանք են պահանջում միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախագծի ընդունման արդյունքում նրանք կկարողանան այն ստանալ անձնական էջերից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմին դիմում ներկայացնելու։
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ծնողական խնամքից զրկված երեխաների և ծնողական խնամքից զրկված երեխաների թվում գտնվող անձանց կարգավիճակի հաստատման մաս կազմող հաշվառումն իրականացվելու է նրանց փաստացի բնակության վայրի համայնքի որակավորված սոցիալական աշխատողի կողմից։ Ծնողական խնամքից զրկված երեխաների և ծնողական խնամքից զրկված երեխաների թվում գտնվող անձանց կարգավիճակի հաստատումն իրականացվելու է համապատասխան անձնակազմի կողմից՝ տեղեկատվական համակարգում ստուգումներ իրականացնելու հնարավորության տրամադրմամբ։
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։