


ԱրմԻնֆո. Իրանի՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը «ԱՊՀ+» ձևաչափով միանալու հարցը ներկայումս քննարկվում է, և իսլամական հանրապետությունը կարող է դառնալ նման կարգավիճակ ստացած առաջին երկիրը։ Այս մասին ԱՊՀ 35-ամյակին նվիրված՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Թուրքմենստանի «Ավազա» քաղաքում կայացած գագաթնաժողովին [հոկտեմբերի 9-ին] առաջին անգամ ներկա էր Իրանի նախագահը [Մասուդ Փեզեշքիանը], որը հայտարարեց, որ իրենք կցանկանային սկսել «ԱՊՀ+» ձևաչափը։ Այս հարցը, իհարկե, հետաքրքրություն առաջացրեց ԱՊՀ անդամ շատ երկրների շրջանում։ Եվ ես զգում եմ, որ գնահատականները հիմնականում դրական են։ Այժմ հենց լուծվում է այդ ձևաչափը Իրանին՝ որպես առաջին պետության, տրամադրելու հարցը»,- ասել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։
Այսօր ԱՊՀ-ի կազմում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Մոլդովան և Ուկրաինան կասեցրել են իրենց մասնակցությունը ԱՊՀ աշխատանքներին։


