


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կովկասի պատմությունը նաև Թուրքիայի պատմությունն է, ընդգծելով ապագա սերունդներին այնպիսի տարածաշրջան թողնելու պատասխանատվությունը, որտեղ նրանք կկարողանան ապրել խաղաղ և անվտանգ: Նման ուղերձով Էրդողանը հանդես է եկել Կովկասի հարցով միջազգային կոնգրեսի անցկացման կապակցությամբ, հաղորդում է "Անադոլու"-ն։
"Կովկասի պատմությունը նաև մեր պատմությունն է։ Դարեր շարունակ մենք կիսել ենք այս տարածաշրջանի ուրախություններն ու վշտերը ։ Այսօր մեր ուսերին է դրված պատասխանատվությունն այն բանի համար, որպեսզի, հենվելով մեր ընդհանուր պատմության ուժի վրա, ապագա սերունդներին թողնենք մի տարածաշրջան, որտեղ նրանք կկարողանան ապրել խաղաղ և անվտանգ", - ասել է նա։ Այնուհետև նա պարծեցել է Արցախի բռնազավթմամբ և հայտարարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն վճռականությամբ, որով բռնազավթել են Արցախը, "կաշխատեն հանուն խաղաղության և Կովկասի բարգավաճման"։
"Զանգեզուրի միջանցքի" բացումից հետո Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքը կամրապնդվի, իսկ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև հաղորդակցությունը նոր հնարավորություններ կստանա։ Մենք հավատում ենք, որ Մետաքսի ճանապարհի երթուղիներում առևտրի աշխուժացումը, համագործակցության ընդլայնումը և մարդկային կապերի ամրապնդումը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին", - ասել է նա, ընդգծելով, որ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ կհաստատվի տեւական խաղաղություն, հարևաններն առևտուր կանեն, իսկ յուրաքանչյուր երկիր կստանա ընդհանուր բարեկեցության իր բաժինը:


