


Արմինֆո. Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել Հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և պարոն Նիկլաս Վագներին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը:


