


ՀՀ Պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի ՊՆ կողմից ապրիլի 2-ի երկրորդ կեսին տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ վերահսկում են մի քանի ռազմավարական կարորագույն բարձրունքներ: Իր ֆեյսբուքյան էջում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք»,-ընդգծել է նա:
Նշենք, որ ադրբեջանական կողմն ընդունել է, զոհվել է 12 զինծառայող և խոցվել է 1 ուղղաթիռ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» և «Վեդոմոստի» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, որ « Թալըշ և Սեյսուլան գյուղերը, որոնք կարող են վտանգ ստեղծել Գյորանբոյի շրջանի և Նավթալան քաղաքի համար, ամբողջությամբ մաքրվել են թշնամուց, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել նաև Լալե Թեփե բարձունքը, որը ռազմավարական նշանակություն ունի Հորադիզ քաղաքի պաշտպանության համար»: Իբր մարտերի ժամանակ ոչնչացվել է 6 հայկական տանկ և 15 հրետանային սարք, ոչնչացվել կամ վիրավորվել է ավելի քան 100 հայ զինվորական:


