


Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը նոյեմբերի 23-ին ներկայացված ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությունը համարել է ամենալուրջ փաստաթուղթը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ «Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ», - նշել է առաջին նախագահը՝ Facebook-ի էջում։
Նրա ասելով՝ Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ «Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք», - ամփոփել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 23-ին հրապարակել են երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Հայաստանի Դատավորների միությունը նոր սահմանադրության նախագծում դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում։ Միությունում ընդգծել են, որ դատական իշխանության ներկայացուցիչները պատշաճ կերպով ներկայացված չեն եղել ՀՀ նոր սահմանադրության նախագծի մշակման և քննարկման ընթացքում: Միությունում նաև հայտարարել են, որ ակնկալում են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և եվրոպական համապատասխան կառույցների արձագանքը դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը:


