


ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում են անցկացրել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկուդյեի հետ։
Ինչպես հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Աննա Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև սերտ հարաբերությունների մասին, հանդես է եկել համագործակցության խորացման օգտին և բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ֆրանսիայի աջակցությունը։
Խմբակցության ղեկավարը ներկայացրել է երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իր դիտարկումները։ Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել քաղաքական հետապնդումների և քաղաքական առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ։
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված Սահմանադրության նոր նախագծին՝ պատգամավորները նշել են, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են փաստաթղթում առաջարկված փոփոխություններին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են հումանիտար հարցերը, մասնավորապես՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը։


