


ԱրմԻնֆո. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստում է Վիշապաքարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը։
Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին նախարարությունում տեղի կունենա քննարկում, որը նվիրված կլինի այդ հուշարձանների պատմական, հնագիտական, խորհրդանշական և մշակութային նշանակությանը, ինչպես նաև այս տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին։ Բացի այդ, կքննարկվեն տարածքի պահպանության և կառավարման, դրա ավանդական օգտագործման առանձնահատկությունների և տեղական համայնքների հետ փոխգործակցության հարցերը։
Քննարկումներին կմասնակցեն տվյալ տարածքի հետ անմիջականորեն առնչվող համայնքների ներկայացուցիչները, գիտական և մասնագիտական շրջանակները, շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հուշարձանների ուսումնասիրությամբ, պատմամշակութային ժառանգության պահպանմամբ և տարածքի կառավարմամբ։


