


ԱրմԻնֆո. Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիոս Էկոնոմուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում հյուրերին ողջունել և ուղեկցել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Տաշչյանը։ Նա հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, ներկայացրել տեղեկություններ հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և դրա գործունեության վերաբերյալ։
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին, ապա ծաղիկներ են խոնարհել հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Էքսկուրսիայի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են թողել պատվավոր հյուրերի գրքում։


