


ԱրմԻնֆո. Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ մասին հայտնում են Genetic Production-ի՝ ֆիլմի ստեղծողները.
«Հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունները չեն կայանա՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանված արգելքի պատճառով։
Ստեղծված իրավիճակում կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։ Ընդգծում ենք, որ այս որոշումն ընդունվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքների բերումով։
Մենք հասկանում ենք, որ բազմաթիվ հանդիսատեսներ սպասում էին ֆիլմի ցուցադրությանը, և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում ձեր ցուցաբերած հետաքրքրության, աջակցության և վստահության համար։
Ներկայում մեր թիմը դիտարկում է ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի ֆիլմը հասնի իր հանդիսատեսին», - ասվում է Genetic Production-ի հրապարակման մեջ։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, Հայաստանի կինոթատրոններում տեղի կունենա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


