
Արմինֆո. ISO չափորոշիչներում, որոնցով Հայաստանն առաջնորդվում է կենսաչափական անձնագրերի ներդրման ժամանակ, չկան բնակավայրերի անվանումներ այն տեսքով, որով Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները կցանկանային իրենց անձնագրերում տեսնել դրանք։ Այդ մասին նոյեմբերի 24-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, մեկնաբանելով այն հարցը, որ Հայաստան բռնի տեղահանված արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում նշվելու է Ադրբեջան։
Նրա ասելով՝ բնակավայրի անվանումը որպես ծննդավայր նշելիս անհրաժեշտ է, որ այն ճանաչելի լինի փաստաթուղթը ստուգող այլ պետությունների համար:
Ընդ որում, նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն Լեռնային Ղարաբաղի 50 հազար հայրենակիցներ դիմել և ստացել են Հայաստանի քաղաքացիություն:
Նա նշել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը և ԻԿԱՕ մասնագետների հետ խորհրդատվությունները, Հայաստանը կենսաչափական անձնագրերի ներդրմամբ սահմանել է միասնական մոտեցում "ծննդավայր" դաշտը լրացնելու հարցում, որտեղ անհրաժեշտ է նշել երկիրը, այլ ոչ թե քաղաքը կամ բնակավայրը:
"Մենք չենք կարող խուսափել միջազգային ստանդարտներից", - ասել է Սարգսյանը: Նախարարն ընդգծել է, որ կենսաչափական անձնագրում ծննդավայրը նշելու կարգը սահմանվել է ՝ հաշվի առնելով սահմանը հատելիս հնարավոր խնդիրները: "Հաշվի առնելով միջազգային չափանիշները եւ հնարավոր դժվարությունները, որոնց քաղաքացիները կարող են բախվել սահմանային հսկողություն անցնելիս, օրենքով ամրագրված է "ծննդավայր" դաշտում պետության անվանումը նշելու պահանջը", - հավելել է ՆԳ նախարարը:
Անդրադառնալով տվյալ դաշտը չլրացված թողնելու հնարավորությանը՝ նախարարը պարզաբանել է, որ սահմանված կարգի համաձայն, այն լրացվում է անկախ քաղաքացու ցանկություններից: Որպես օրինակ նախարարը նշել է Ուրուգվայը, որտեղ 2025 թվականին անձնագրերում ծննդավայրի մասին տվյալների բացակայության պատճառով դժվարություններ են առաջացել Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանները հատելիս, որից հետո Ուրուգվայը վերանայել է իր մոտեցումը։
Նախարարի խոսքով՝ միասնական կարգը սահմանելիս հաշվի են առնվել նաև այն դեպքերը, երբ անձնագրում նշված տվյալները լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել այլ պետության սահմանին, և քաղաքացիներն այդ հարցով դիմել են Հայաստանի իրավասու մարմիններին: