
ԱրմԻնֆո. Հայտնի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Այրապետյանը նշանակվել է բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Դիլիջանի միջազգային դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի հիմնադիր տնօրեն։ Հիշեցնենք, որ Վարդանյանին ավելի քան երեք տարի ապօրինաբար պահում են Բաքվի բանտում։
Ինչպես հայտնում է UWC-ի մամուլի ծառայությունը, պրոֆեսոր Այրապետյանը կղեկավարի աստղաֆիզիկոսների թիմը, որոնք դասավանդելու են ծրագրի շրջանակներում։ Ակադեմիան կսկսի իր աշխատանքը 2027 թվականի ամռանը։ Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան ինքնուրույն հետազոտություններ իրականացնել և ուսումնասիրել տիեզերքի հետ կապված հարցեր՝ օգտագործելով աստղաֆիզիկոսների գործիքներն ու մեթոդները։
Պրոֆեսոր Այրապետյանը Ամառային ակադեմիայի մասնակիցների հետ կկիսվի տեսական և դիտողական աստղաֆիզիկայի ոլորտում իր փորձով՝ կյանքի կոչելով ակադեմիայի կարգախոսը՝ "Ուսումնասիրեք Տիեզերքը, ընդլայնեք ձեր աշխարհայացքը"։
Պրոֆեսոր Այրապետյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նա տեսական աստղաֆիզիկայի ոլորտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Բյուրականի աստղադիտարանում։ Նա - NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկական հետազոտությունների բաժնի ավագ աստղաֆիզիկոս է և Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաև Celestial Exoplanet Environment Collaboration նախագծի ղեկավար խմբի անդամ և այլն։
Պրոֆեսոր Այրապետյանն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ տեսական և դիտողական աստղաֆիզիկայի, հելիոֆիզիկայի և աստղակենսաբանության ոլորտներում։ Նա մասնագիտացած է արևային և աստղային քամու, ժամանակակից և վաղ շրջանի արեգակնային կորոնալ զանգվածի արտանետումների, ինչպես նաև դրանց՝ Երկրի մագնիսական դաշտի, իոնոսֆերայի և թերմոսֆերայի վրա ազդեցության մագնիսահիդրոդինամիկական մոդելավորման մեջ։ Վերջին շրջանում Այրապետյանի աշխատանքը կենտրոնացած է ակտիվ աստղերի և երիտասարդ Արեգակի՝ վաղ Երկրի և Մարսի մթնոլորտների վրա ազդեցության ընկալման վրա՝ ժամանակակից բազմաչափ հելիոֆիզիկական մոդելների կիրառմամբ վաղ Երկրի և Մարսի միջավայրի մոդելավորման միջոցով։
Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան 15-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված ծրագիր է։ Չորս շաբաթվա ընթացքում Հայաստանից և այլ երկրներից 36 մասնակիցներից բաղկացած խումբը դոկտորի աստիճան ունեցող դասախոսի ղեկավարությամբ կապրի և կաշխատի որպես գիտական համայնք։ Ուսուցումը կանցկացվի դասախոսությունների, խնդիրների լուծման, ծրագրավորման երեկոյան դասերի, տվյալների համատեղ վերլուծության, հրավիրյալ դասախոսությունների, ինչպես նաև մարզական և այլ միջոցառումների ձևաչափով։ Առաջին հոսքը կանցկացվի 2027 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը։ Թեկնածուների ընտրությունը կանցկացվի մրցույթի միջոցով։ Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի՝ ելնելով ֆինանսական կարիքներից։