


ԱրմԻնֆո. Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական այցով։
Ինչպես հայտնել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» (ՀՑԹԻ) մամուլի ծառայությունից, Կրապովիչը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին, ապա հյուրերը ծաղիկներ են դրել Հավերժական կրակին և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ պատվիրակությանը ներկայացվել են Հայոց ցեղասպանության որոշ դրվագներ, տեղեկություններ հուշահամալիրի, ինչպես նաև ՀՑԹԻ գործունեության մասին։
Պատվիրակության անդամները նաև շրջել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններով՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ։ Այցի ավարտին Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։


