


ԱրմԻնֆո. Ավարտվել է ամուսնուն հրկիզելու միջոցով սպանության գործի նախաքննությունը։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունն ավարտել է ամուսնուն սպիրտով ողողելու և հրկիզելու միջոցով սպանության գործի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ակնհայտ փաստական տվյալներ այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև նրան քարշ է տվել խոտածածկ տարածք, վերցրել է 96%-անոց էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարա, դրանով ողողել ամուսնու մարմինն ու հագուստը և իր ձեռքի տակ եղած լուցկիով հրկիզել նրան։ Տուժածը մահացել է հրկիզման հետևանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից։
Բացի այդ, պարզվել է, որ 2025 թվականի փետրվարին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կինը դիտավորյալ ոգելից խմիչքի շշով հարվածել է ամուսնու գլխին՝ նրան ֆիզիկական ցավ պատճառելով, և միաժամանակ սպառնացել է նրան սպիրտով ողողել ու հրկիզել։
Կնոջ նկատմամբ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Նա կալանավորվել է։
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողության մարմին։


