


ԱրմԻնֆո. Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը։ Պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է։
Ինչպես նշվում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը, առանց համայնքին պատկանող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման ընդունման, 2006-2009 թվականներին տարբեր անձանց են օտարել Արմավիր քաղաքին պատկանող՝ ընդհանուր 9790 քառակուսի մետր մակերեսով 18 հողատարածք։
2025 թվականի մարտի 20-ին հարուցվել է քրեական գործ։ Քրեական վարույթին զուգահեռ գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունների շրջանակում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցեր է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Վերոնշյալ պահանջներից մեկը, որը վերաբերում էր Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի աճուրդն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքները կիրառելուն, բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ։ Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքների պետական գրանցումը ճանաչվել են անվավեր։
Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը կվերադարձվի Արմավիր համայնքին։ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին դատախազությունը հայտնել էր, որ վերոնշյալ 18 պահանջներից ևս մեկը, որը վերաբերում էր Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քառակուսի մետր մակերեսով հողատարածքին, բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ։


