


ԱրմԻնֆո. Հայաստանի՝ Ղրղզստանում (համատեղության կարգով) դեսպան Արմեն Ղևոնդյանը Բիշքեկ կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ինչպես հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեդեր Աբակիևի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-17-ը Հայաստան կատարած այցի արդյունքները։ Կողմերը փոխադարձաբար արձանագրել են, որ Ղրղզստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը, որը ժամանակակից միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջինն էր, հաստատեց երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարական տեսլականի հիման վրա դրանք առաջ մղելու կողմերի պատրաստակամությունը։
Բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը քննարկվել են Ղևոնդյանի՝ Երրորդ քաղաքական վարչության տնօրեն Նուրան Նիյազալիևի հետ հանդիպման ընթացքում։ Ընդգծվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2027 թվականին նախատեսվող երկկողմ միջոցառումների, այդ թվում՝ միջխորհրդարանական շփումների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման համատեքստում։


