
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 16-ից 23-ը Հայաստանի պարեկային ծառայությունը հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) 20 664 խախտող։
Հայաստանի ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անցած շաբաթ միայն Երևանում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) 3492 խախտում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց։ Մյուս խախտումների թվում՝ 123 վարորդ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, վարորդական իրավունքի վկայական չունենալով՝
107-ը։
"Արձանագրվել են նաև պետհամարանիշների հետ կապված խախտումներ՝ 22 դեպք, ամրագոտին չկապելու՝ 1195, մանկական նստատեղերի բացակայության՝ 17, ղեկին ծխելու՝ 330, երթևեկության ժամանակ հեռախոսից օգտվելու՝ 138, հետիոտների կողմից չթույլատրված վայրում ճանապարհն անցնելու՝ 59 և այլ խախտումների՝ 1146 դեպք։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ-ի շահագործվել է 138 ավտոմեքենա, տեխնիկական զննում չեն անցել 88-ը, անսարք լուսարձակներ են ունեցել 19-ը, մգեցված դիմապակիներ և կողային ապակիներ՝ 21-ը, իսկ ձմեռային պայմաններին և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով երթևեկել է 959-ը։ Բացի այդ, տարբեր կասկածներով ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 88 անձ", - հավելել են Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն ժամանակահատվածում մարզերում, գերատեսչության տվյալներով, պարեկները արձանագրել են ՃԵԿ-ի 17 172 խախտում, հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 228 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, 719 անձ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 413 անձ տրանսպորտային միջոց է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։
"Արձանագրվել են նաև պետհամարանիշների հետ կապված խախտումներ՝ 90 դեպք, ամրագոտին չկապելու՝ 2742, մանկական նստատեղերի բացակայության՝366, ղեկին ծխելու՝ 761, երթևեկության ժամանակ հեռախոսից օգտվելու՝ 1198, հետիոտների կողմից չթույլատրված վայրում ճանապարհն անցնելու՝ 107, արագությունը գերազանցելու՝ 2222 և այլ խախտումների՝ 6753 դեպք։ Առանց ԱՊՊԱ-ի շահագործվել է 212 ավտոմեքենա, տեխնիկական զննում չեն անցել 860-ը, անսարք լուսարձակներ են ունեցել 143-ը, 280 տրանսպորտային միջոց ունեցել է մգեցված ապակիներ, ձմեռային պայմաններին և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով երթևեկել է 2937-ը։ Տարբեր կասկածներով ձերբակալվել և ոստիկանության տարածքային բաժիններ են տեղափոխվել 31 անձ", - ամփոփել են Հայաստանի ՆԳՆ-ից։
Նշենք, որ երկրում ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը։