


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հանդիպել է Լատվիայի մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովայի հետ։
Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Լիլիթ Գալստյանը, մատնանշելով հայ-լատվիական սերտ հարաբերությունները, կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը։
Պատգամավորը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքը, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իր դիտարկումները։ Հանձնաժողովի նախագահը նշել է նաև այս ոլորտում երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման առանցքային դերը։
Անդրադարձ է կատարվել անկախ և անաչառ օմբուդսմենի ինստիտուտի առկայության կարևորությանը, ինչպես նաև ընդգծվել է այդ կառույցի և հանձնաժողովի արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
Զրուցակիցները համաձայնել են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է մշտական ամենօրյա աշխատանք։ Օրակարգի հարցերի թվում անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայրենակիցների հարցին։


