
ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Արարատ համայնքի սեփականությանը վերադարձվել է 30 հեկտար մակերեսով և 563 միլիոն դրամ արժեքով բնապահպանական նշանակության հողատարածք։ Այս մասին ասվում է վերահսկող մարմնի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում իրականացված քննության ընթացքում, ի թիվս այլնի, խախտումներ է հայտնաբերել Արարատի մարզի տարածքում գտնվող 1480 հեկտար բնապահպանական նշանակության հողերի՝ տարբեր անձանց կողմից օտարման գործընթացում։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն (Ալիկ Սարգսյան՝ խմբ.) իր պաշտոնեական դիրքն օգտագործել է տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց շահերից ելնելով ցանկալի արդյունքի հասնելու համար, գերազանցել է իր լիազորությունները և 2005-2008 թվականներին անցկացված պաշտոնական մրցույթների արդյունքում 3 անձի է տրամադրել ընդհանուր 1480 հեկտար մակերեսով բնապահպանական նշանակության հողերի վարձակալության իրավունք։
Քննության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և համապատասխան հետևանքներ կիրառելու պահանջով։ Միաժամանակ դատախազը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
Պետական շահերի պաշտպանության հայցին զուգահեռ՝ դատախազը դիմել է Արարատ համայնքի ղեկավարին՝ վերոհիշյալ 1480 հեկտարից 30 հեկտար մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի գործողությունը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Պայմանագիրը 2006 թվականի հուլիսի 12-ին կնքվել էր Արարատ համայնքի և քաղաքացու միջև։
Արարատ համայնքի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող, բնապահպանական գոտուն վերաբերող, 30 հեկտար մակերեսով և 563 միլիոն 310 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի գրանցված վարձակալության իրավունքը։ Հողամասը վերադարձվել է Արարատ համայնքի սեփականությանը։