
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այսօր ՀՀ նոր սահմանադրության տեքստի հրապարակումից հետո հայ ժողովուրդն՝ ինքը, համոզվել է, որ այդ փաստաթուղթը գրված է արտաքին ճնշման ներքո:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր բոլորդ ականատես եղաք այն ամենին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ ինչպես են գործող իշխանությունները, արտաքին պարտադրանքի ներքո, մեզ ներկայացնում ալիևյան այս սահմանադրությունը։
Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքն անսակարկելի են։ Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին։
Սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր իրավունքն ու հարևանների հետ խաղաղ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեր վճռականությունն անբեկանելի են։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը։ Այո՛ անկախ Հայաստանին», - ասվում է քննչական մեկուսարանից Սամվել Կարապետյանի հղած ուղերձում:
Այսօր ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հրապարակել էին երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Տեքստում բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, որում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Բացի այդ, տեքստում փոփոխություններ կան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վերաբերյալ, և ասվում է, որ նրա գործունեությունը կարգավորվելու է օրենքով՝ նախկին "կարող է կարգավորվել օրենքով" արտահայտության փոխարեն: Լուրջ փոփոխություններ են կատարվել դատավորների գործունեության վերաբերյալ, սահմանվել է ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու կարգը, առկա են տեղեկություններ ստանալու ազատության հետ կապված սահմանափակումներ և այլն: