
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 25-ին Երևանում մեծ էկրաններին կցուցադրվի <Մոնթե> ֆիլմը՝ նվիրված Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքին։
Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է իրական փաստերի վրա։ Որպես աղբյուրներ օգտագործվել են Մոնթեի նամակները, գրառումները, ինքնավերլուծության նյութերը և շատ ավելին։ Սակայն այս պատմության գլխավոր ուղեկցողը դարձավ տիկին Սեդան
- Մոնթե Մելքոնյանի կինը։ Ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելի պես անցնում են Մոնթեի բնավորության հիմնական գծերը, մասնավորապես՝ ազնվությունը։ Հենց այս հատկանիշներից ելնելով էլ ընտրվել են դերակատարները։
Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է։ Նրա նախորդ աշխատանքը <Վազգեն. Վերջին սպարապետը> ֆիլմն է։ Ըստ պրոդյուսերի՝ <Մոնթե> ֆիլմի ստեղծումը բավական բարդ գործընթաց էր։ Սակայն այն հարցին, թե ինչու է նա ֆիլմեր նկարահանում հերոսների մասին, Նոնո Սարգսյանը պատասխանում է, որ դա անում է իր երեխայի համար։
<Շատերը վախենում են խոսել այս թեմայի մասին։ Մեզ համար մեծ երջանկություն է, որ, չնայած դժվարություններին, ֆիլմն այնուամենայնիվ նկարահանվեց։ Մենք ցույց ենք տվել Մոնթեի մարդկային կողմը։ Եվ "Վազգեն" և "Մոնթե" ֆիլմերի, ինչպես նաև այն ֆիլմերի դեպքում, որոնք դեռ պետք է նկարահանվեն, մենք հեռու ենք մնալու քաղաքականությունից։ Ինձ համար սա օրենք է։ Ինչպես ասում էր իմ հորեղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, քաղաքականությունը անբարոյականություն է։ Քաղաքական հոսանքները գալիս և գնում են, իսկ արժեքները չպետք է խառնել այս ամենի հետ։ Ես ինքս չեմ մտնում այդ հարթություն և չեմ ցանկանում այնտեղ տանել ֆիլմերը։ "Մոնթե" ֆիլմի շնորհիվ դուք հերոսին նորովի կճանաչեք։ Կան պատմություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի, իսկ մեր աղբյուրը նրա կինը՝ տիկին Սեդան էր, որը մեզ պատմեց այս ամենի մասին։ Մեր ֆիլմի հիմքում միայն իրական իրադարձություններն են>, - նշել է Սարգսյանը։ Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, որը նախկինում աշխատել է որպես <Վազգեն. Վերջին սպարապետը> ֆիլմի երկրորդ ռեժիսոր։
Մոնթեի կերպարը էկրանին կմարմնավորի դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ նրա կնոջը՝ Սեդային, կխաղա Ռիպսիմե Նահապետյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սամվել Թոփալյանը, Դավիթ Թադևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Մանե Մխոյանը, Գուրգեն Սարգսյանը և ուրիշներ։ Խորեն Լևոնյանը կրկին մարմնավորել է Վազգեն Սարգսյանի դերը։
<Հիշում եմ, թե ինչպես գնացի քասթինգի։ Այս պատմությունն ինձնից ավելի լավ հիշում է ֆիլմի գծային պրոդյուսեր Նարեկ Սողոյանը։ Թատրոնում ներկայացումից հետո ես գտա զինվորական համազգեստ և հենց դրանով էլ գնացի քասթինգի։ Հայ մարդու, հայ դերասանի համար նման դերը և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ հաջողություն։ Դերասանի կյանքում նման բան կամ մեկ անգամ է տեղի ունենում, կամ էլ ընդհանրապես չի լինում։ Դերին ծանոթանում էի ռեժիսորի ղեկավարությամբ, տեսանյութերի օգնությամբ, որոնցում հնչում է Մոնթեի ձայնը, ինչպես նաև քննարկումների ընթացքում։ Ես ուսումնասիրել եմ նրա մասին եղած ամեն ինչ, այդ թվում՝ նրա մասնակցությամբ նյութերը, ընդ որում՝ ոչ միայն համացանցում։ Խոսքը ճիշտ փոխանցելու հարցում մեզ օգնեց Զարա Ներսիսյանը>, - պատմել է դերասանը։
Ռիպսիմե Նահապետյանը պատմել է, որ ներքին համոզվածություն և այս դերն ստանձնելու մեծ ցանկություն է ունեցել։ Դերասանուհու համար Մոնթե Մելքոնյանը արդար հայ է, հայրենասեր, որի կարիքն այսօր այնքան շատ կա։ <Փորձում ես քո մեջ գտնել այդ սերը հայրենիքի հանդեպ և ապրել դրան համապատասխան>, - ասել է դերասանուհին՝ խոստովանելով, որ մինչ օրս ինքն իրեն հարց է տալիս՝ արդյոք կկարողանա՞ր լինել հերոսի նույնքան արժանի կինը։
Նշենք, որ ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, կոմպոզիտորը՝ Մարտին Միրզոյանը, նկարիչները՝ Մաքսիմ Հակոբյանը և Տիգրան Սարգսյանը, գծային պրոդյուսերը՝ Նարեկ Սողոյանը, պաստառի հեղինակը՝ Արվին Քոչարյանը, ֆիլմի տնօրենը՝ Արման Մելքոնյանը, քասթինգի տնօրենը՝ Տաթև Կետիկյանը, զգեստների նկարիչը՝ Լուսինե Խաչատրյանը, գրիմի նկարիչը՝ Դիանա Աղաջանյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Արմեն Բագինյանը, ձայնային ռեժիսորը՝ Հարություն Մանգասարյանը, ֆիլմի մեդիայի համար պատասխանատուն՝ Արմինե Բրսոյանը։ Ֆիլմը Genetic Production ընկերության արտադրությունն է։