


ԱրմԻնֆո. Դատախազությունը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել շուրջ 900 միլիոն դրամ արժողությամբ 10 անշարժ գույք։ Այս մասին ասվում է վերահսկող մարմնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը դատարան է ներկայացրել միջնորդություն Կարեն Գասպարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 10 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ապօրինի միջոցների մնացորդ՝ 666 միլիոն դրամի չափով, ինչպես նաև 236 միլիոն 247 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ, որոնք չեն հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունեն ապօրինի ծագում, սակայն փոխանցվել են բարեխիղճ ձեռք բերողին։


