


ԱրմԻնֆո. Մինչև 2027 թվականի գարունը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու նոր Սահմանադրության տեքստին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց առաջարկները։ Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է իշխող <Քաղաքացիական պայմանագիր> խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Նրա գործընկեր Ալխաս Ղազարյանն ավելացրել է, որ այս հարցում շտապել չի կարելի։ Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրության նոր տեքստի նախագիծը կներկայացվի լայն քննարկման, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա մասնակցելու դրան։ <Եվ միայն դրանից հետո պետք է գնալ հանրաքվեի>, - ասել է պատգամավորը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծն արդեն հրապարակվել է այդ նպատակով հատուկ ստեղծված կայքում։ Դրանից հետո նա նաև ուղիղ եթերում հանդես է եկել Հանրապետության քաղաքացիներին ուղղված ուղերձով։ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է արմատական փոփոխություններ Հայաստանի պետականության հիմքերը և պետության հարաբերությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) հետ սահմանող ձևակերպումներում։ Երկրի գլխավոր օրենքից դուրս է մնացել անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում էին Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Երկրի նոր Հիմնական օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://yourconstitution.am/hy/։


