


Արմինֆո.Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25,6% - ով' կազմելով 4 511 տոննա: Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը, այդ մասին հայտարարվել է փոխնախարար Արա Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Սևանա լճում սիգի որսի արգելքի մեկնարկին ընդառաջ միջոցառումների կազմակերպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում ՝ նոյեմբերի 21-ից մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ը, նախատեսված վերահսկողական միջոցառումները, ապօրինի որսի կանխարգելման և պատասխանատու կառույցների աշխատանքների համակարգման հարցերը:
Փոխնախարարն անդրադարձել է նաև նախորդ տարիներին իրականացված միջոցառումների արդյունքներին ՝ դրական գնահատելով դրանք: Նա ընդգծել է, որ հետևողական վերահսկողությունն ու բնապահպանական միջոցառումները նպաստել են սիգի բնական վերարտադրությանը և դրա պաշարների վերականգնմանը:
Կարևորվել է նախորդ տարիների դրական արդյունքների պահպանումը և վերահսկողական միջոցառումների արդյունավետ կազմակերպումը:-


