


Արմինֆո.Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի կոմիտեի նիստում անդրադարձել է Հարավային Կովկասի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերին:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ողջունում է Երևանի խաղաղասիրական և կառուցողական մոտեցումը՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առաջընթացը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն ընթանում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ամրապնդել է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հույսերը:
"Մեկ ազգ՝ երկու պետություն" սկզբունքի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները նախարարը համարել է Հարավային Կովկասում հաստատուն կայունության ապահովման գլխավոր շարժիչ ուժը:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար, ինչը թույլ կտա Հարավային Կովկասը "սառեցված հակամարտությունների" գոտուց վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի։


