


Արմինֆո.Բացի այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնում է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել, նաև հոխորտում է, թե ընդդիմության վրայով «բուլդոզերով» անցնելու է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա ենթադրություն է հայտնել, որ, ակնհայտորեն, բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով:
«Հիմա, այս վիճակում, առաջին տրամաբանական միտքը, որը բանական մարդու գլխում ծագում է, դիմակայությունն է՝ բոլոր հնարավոր առողջ ուժերի համախմբվածությամբ և արդյունավետ աշխատանքով: Բայց տրամաբանությունը մեր օրերում սկսել է խափանումներով գործել, որովհետև այս վիճակում հայտնի շրջանակները, որոնք զարմանալիորեն դեռ ընդդիմադիր են ներկայանում, շարունակում են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին խոսել՝ ոմանք՝ տողատակերով, ոմանք՝ ուղիղ: Ավելին, դա ուղեկցվում է գարշելի բառակույտով և թեզերով: Ենթադրում եմ՝ Նիկոլի դեմ պայքարն անիմաստ են համարում, իրենց զրոյական արժեքով դաշտը լցնում են ընդդիմադիր դաշտի դեմ անպատվաբեր ներկայությամբ», - նշել է նախկին պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին, ելույթ ունենալով խորհրդարանում, վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի ընդդիմությունը մնում է խաղաղության հասնելու ճանապարհին միակ խոչընդոտը: "Հիմա մեր առջև երկու ճանապարհ կա։ Կամ հանրային ճնշման ներքո ընդդիմությունը հրաժարվում է իր դերից, այսինքն՝ խաղաղության համար խոչընդոտներ ստեղծելուց, կամ մենք քաղաքական գործընթացներ ենք տանում այն ուղղությամբ, որ այդ ընդդիմությունն այլևս խորհրդարանում չլինի", - հայտարարել էր վարչապետը։


