
Արմինֆո."Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, նախ, հրաժարական տալ եւ դրանից հետո երկրում հանրաքվե կազմակերպել ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցով: Նա այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետի առաջարկին՝ ընդդիմությանը․ գնալ հանրաքվեի, եւ եթե ժողովուրդը մերժի իր առաջարկած ՀՀ սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա։ Այդ առնչությամբ Լեւոն Զուրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։
Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։
1. Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։
2. Նա այն մարդն է, որը մեզ խաբել է 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։
3. Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։
4. Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։
Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։ Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։
Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։
1. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։
2. Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։
3. Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվերի անցկացման ժողովրդավարական նորմերը:
4. Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։ Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ»։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր սահմանադրության նախաբանում չպետք է հղում լինի Անկախության մասին հռչակագրին։ Իր դիրքորոշումը Նա բացատրել էր, առաջին հերթին, նրանով, որ "գործող Անկախության մասին հռչակագիրը կառուցված է հակամարտության տրամաբանությամբ"։ Հատկանշական է, որ Անկախության մասին հռչակագրի բացառումը խաղաղության պայմանագրի ստորագրման համար Երևանի հանդեպ Բաքվի նախապայմաններից մեկն է: Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Հայաստանի իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ, կատարում են Բաքվի հերթական պահանջը։
Հավելենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն չունի ձայների 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար։ Հավելենք, որ Արցախի բռնազավթումից Բաքվից հաճախ են հնչում ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր, տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի հանդեպ։ Այս և մյուս պահանջների կատարումն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։