


Արմինֆո. Նոյեմբերի 19-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի ներկայացուցիչներ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ հայրապետն անդրադարձել է հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններին և գնահատանքով հիշատակել դժվարին օրերին հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությունը։ Հայոց հայրապետը կարևորել է արգենտինահայ համայնքի, ինչպես և Կորդոբայի հայության դերը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում, ընդգծելով, որ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ և նպաստում բարեկամ ժողովուրդների փոխճանաչողությանը։
Նորին սրբությունն իր օրհնությունն է բերել պատվիրակության անդամներին և հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթել նրանց ծրագրերին և նախաձեռնություններին՝ ի խնդիր հայ և արգենտինացի ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդման ու արդյունավորման։


