


ԱրմԻնֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերսկսելով պատերազմի սպառնալիքները, պահանջում է քրիստոնյա Հայաստանի մնացորդի ենթարկվելը և դրա ինտեգրումը թուրք-մահմեդական ազդեցության ոլորտին՝ որպես խաղաղության գին։ Այս մասին հայտարարել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (SCI) կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Քրիստոնյաների համաշխարհային հալածանքները. պատասխան նոր մարտահրավերներին» թեմայով լսումների ժամանակ։
Էյբները նկարագրել է այս պահանջին տանող ուղին՝ հայ քրիստոնյաների բնաջնջումը Նախիջևանում, Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում, Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ 2020 թվականին, որը սանձազերծվել էր Թուրքիայի և մի քանի հարյուր սիրիացի ջիհադականների օգնությամբ, որոնց մատակարարում էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը, ինչպես նաև 2023 թվականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտումը, որն իրականացվել էր իննամսյա շրջափակման և լայնածավալ ռազմական հարձակման միջոցով։
«Այսպիսով, քրիստոնյա Հայաստանը բախվում է լուրջ էկզիստենցիալ սպառնալիքի», - ասել է Էյբները, որի խոսքերը մեջբերում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA):


