


Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկում է վերանայել վիրավորանքի, զրպարտության, իրավունքների խախտման, ապօրինի դատապարտման և խոշտանգման համար փոխհատուցման չափերը:
Համաձայն e-draft.am հարթակում ներկայացված օրինագծի՝ առաջարկվում է վիրավորանքի համար փոխհատուցում սահմանել 1-3 միլիոն դրամի չափով (մոտ 2,77 - 8,3 հազար դոլար), զրպարտության համար՝ 2-6 միլիոն դրամ (մոտ 5,5- 16,6 հազար դոլար), հիմնական իրավունքների առանձին խախտումների համար՝ 1-4 միլիոն դրամ (մոտ 2,8 - 11 հազար դոլար), կյանքի իրավունքի խախտման համար՝ 3-8 միլիոն դրամ, խոշտանգումների համար՝ սկսած 4 մլն դրամից (վերին շեմ չի նախատեսվում – խմբ․ )։ "Օրինագծի նպատակն է բարձրացնել խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ապահովել պատճառված ոչ նյութական վնասի համաչափ փոխհատուցումը, ինչպես նաև ուժեղացնել քաղաքացիաիրավական պատասխանատվության կանխարգելիչ նշանակությունը", - նշվում է նախագծում:
Քննարկումները, աղբյուրի համաձայն, կտևեն մինչև դեկտեմբերի 1-ը: Նշվում է նաև, որ վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցումը չպետք է նշանակվի ավտոմատ կերպով. կպահպանվի հերքման, հրապարակային ներողության և դատական որոշման հրապարակման առաջնահերթությունը:


