
Հյուսիսային և հարավային ուղղություններով ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական պահակակետերը գրավելու Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման փորձերը նրա համար առնվազն հիսուն կյանք արժեցան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Ես զրուցել եմ նախկին գործընկերներիցս ոմանց հետ, որոնք, մի մարդու նման, բավականին վճռական են տրամադրված և, կարծես, մտադիր չեն նահանջել: Բնավ համոզված չեմ, որ մեր զինվորականների ռադիոկապը, հանկարծ, չի խափանվի, երբ նրանք կանգ առնելու հրաման ստանան: Ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնվել էր ծուղակում հյուսիսային ուղղությամբ, իսկ մեր ՀՕՊ կողմից խոցված ուղղաթիռն ապարդյուն փորձել էր նրանց այնտեղից դուրս բերել: Այդպիսով, հակառակորդն արդեն կորցրել է անսպասելիության գործոնը, Արցախի ուժերն այժմ ծավալվում են և պատրաստվում լրջորեն գործել», - հաղորդել է Արզումանյանը:
Վերլուծաբանը նշել է, որ կրակելով նաև բնակավայրերի վրա, հակառակորդը հասավ ճիշտ հակառակ արդյունքի` արագությամբ Արցախը համակած զայրույթի տեսքով: Նրա գնահատմամբ, այդ լույսի ներքո, իշխանությունների համար շատ դժվար կլինի ժողովրդին բացատրել, թե ինչու պետք է կանգ առնել նաև այս անգամ:
«Պետք է խոստովանեմ, որ մեր ուժայինները գործում են կոշտ, լավ և ներդաշնակ: Այդ լույսի ներքո հակառակորդին խորհուրդ կտայի մտածել Միր Բաշիրից, մյուս սահմանամերձ բնակավայրերից քաղաքացիական բնակչությանը դուրս բերելու մասին, քանի հնարավոր է դա անել հանգիստ, առանց խուճապի», - ամփոփել է վերլուծաբանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական ռազմական ուղղաթիռ: Հակամարտության գոտում ընթանում են մարտեր օդուժի, զրահատեխնիկայի և հրետանու կիրառմամբ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի: