
ԱրմԻնֆո. Սքոլի հիմնադրամի գլխավոր տնօրեն և նախագահ Մարլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին։
Ինչպես հայտնում է մրցանակի մամուլի ծառայությունը, հիմնվելով բարեգործության, բիզնեսի և պետական կառավարման ոլորտներում իր փորձի վրա՝ Բլոուն ունի վերափոխումների ունակ առաջնորդների բացահայտման ու աջակցության, ինչպես նաև երկարաժամկետ արդյունքների հասնելու համար ռեսուրսների մոբիլիզացման հարուստ փորձ։ Նշվում է, որ նա հանձնաժողովի մյուս ականավոր անդամների հետ կաշխատի՝ օգնելու ընտրել «Ավրորա» մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներին և դափնեկրին, ինչպես նաև աջակցելու աշխարհի տարբեր վայրերում գործող խիզախ մարդասիրական գործիչներին։
Մարդասիրության արթնացման համար սահմանված $1 միլիոն մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու բռնի հակամարտություններից և վայրագություններից տուժած այլ մարդկանց։ Մրցանակից բացի, «Ավրորա»-ն «Ավրորա» մարդասիրական ցանցի միջոցով միավորում է տեղում գործող մարդասիրական գործիչներին՝ նրանց տրամադրելով համագործակցության, ռեսուրսների հասանելիության և իրենց աշխատանքին շարունակական աջակցության հնարավորություններ։
Որպես Սքոլի հիմնադրամի գլխավոր տնօրեն և նախագահ՝ Բլոուն ղեկավարում է մի կազմակերպություն, որը ներդրումների, կապերի ստեղծման և սոցիալական ձեռնարկատիրության աջակցության միջոցով նպաստում է հասարակական վերափոխիչ փոփոխությունների առաջխաղացմանը։ Նա վերահսկում է հիմնադրամի ռազմավարական դրամաշնորհային ֆինանսավորումը, գործառնական գործունեությունը և նպատակային կապիտալի կառավարումը՝ աջակցելով բարդ գլոբալ խնդիրների նորարարական լուծումներ մշակող առաջնորդներին և կազմակերպություններին։ Բլոուն նաև բազմաթիվ կորպորացիաների և ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների խորհուրդների անդամ է և ձեռնարկատիրության, սոցիալական նորարարությունների ու ներառական ֆինանսավորման ոլորտների ականավոր գործիչ։
Aurora Prize for Awakening Humanity 2027 մրցանակի հայտերի ընդունումը կավարտվի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համաշխարհային ոչ առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է մեր ժամանակների ամենասուր ճգնաժամերի առաջնագծում աշխատող խիզախ մարդասիրական գործիչներին։ Ֆինանսավորման, համայնքային աջակցության և ճանաչելիության բարձրացման, այդ թվում՝ Aurora Prize for Awakening Humanity մրցանակի միջոցով, «Ավրորա»-ն ստեղծել է ավելի քան 100 առաջնորդներից բաղկացած ցանց և ազդեցություն է ունեցել ավելի քան 3,8 միլիոն մարդու վրա։