


Արմինֆո. Դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, մերժել է քննիչի միջնորդությունը՝ Մասիսի նախկին քաղաքապետ և ՀՀԿ - ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:
Նա ընդգծել է, որ դատավորն իր որոշումը պայմանավորել է հիմնավոր կասկածի բացակայությամբ։
«Այսպիսով, դատական ակտով ամրագրվեց այն, ինչ պաշտպանական կողմը պնդում էր ի սկզբանե. Գոռ Համբարձումյանը որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ: Սա հերթական չհիմնավորված, իրականության հետ ոչ մի կապ չունեցող մեղադրանքն էր, որը որոշ շրջանակներ փորձեցին շահարկել։ Սակայն այդ ամենը շատ կարճ տևեց", - նշել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 204 (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիքի խախտում), 457 (փաստաթղթերի կեղծում), 255 (խարդախություն) և 296 (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) հոդվածներով: Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Գոռ Համբարձումյանի նկատմամբ բռնաճնշումները պայմանավորված են նրանով, որ վերջինս ընդամենը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է: Վերջինս 2025 թվականի հոկտեմբերին դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նա մեղադրվում էր 2018 թվականին հանրահավաքի մասնակիցների նկատմամբ հրազեն կիրառելու և անկարգություններ կազմակերպելու մեջ: Հունվարի 19- ն դատարանը Համբարձումյանին տնային կալանքի էր ուղարկել։ Որպես այլընտրանքային խափանման միջոց է նշանակվել նաև գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը:-


