
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանում: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Փաստաբանը նշել է, որ, չնայած բողոքի քննությունից մեծ ակնկալիքներ չունեն, վերադաս դատական ատյան դիմելն անհրաժեշտ է իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու համար: «Նիստի ընթացքում պաշտպանական կողմը հետևողականորեն հերքել է մեղադրանքի բոլոր փաստարկներն ու հիմնավորումները, քանի որ խոսքն ակնհայտ քաղաքական հետապնդման մասին է: Մենք քիչ ակնկալիքներ ունենք Վերաքննիչ դատարանից, սակայն իրավական ընթացակարգի տեսանկյունից պարտավոր էինք դա անել, որպեսզի սպառենք իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները», - պարզաբանել է Ֆերոյանը։
Փաստաբանը, միաժամանակ, պատմել է Հայաստանում նման նախադեպի մասին, երբ արդեն տնային կալանքի տակ գտնվող անձին փաստացի ձերբակալել են և տեղափոխել դատարան ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նպատակով: Ինչպես նշել է Ֆերոյանը, այն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել է կալանավորման մասին միջնորդությունը, հիմնավորելով այն հանգամանքով, որ մարդն արդեն տնային կալանքի տակ է եղել: Այդ առնչությամբ նա հռետորական հարց է ուղղել, թե ինչու նման իրավական մոտեցումներ այսօր չեն կիրառվում Սամվել Կարապետյանի նկատմամբ: "Պատճառն ակնհայտ է․ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Ես բազմիցս կոչ եմ արել պաշտոնյաներին չդիմել նման անօրինական գործողությունների, քանի որ վաղ թե ուշ նրանք ստիպված են լինելու պատասխան տալ դրանց համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ նախազգուշացումները դեռ արդյունք չեն տալիս", - եզրափակել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը հաղորդել էր, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաեւ՝ Կարապետյանի ընտանիքի հետ կապված այլ հասցեներում: Ավելի ուշ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաղորդել էր, որ խուզարկություններ կատարվում են միաժամանակ 65 հասցեներում ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին Սամվել Կարապետյանին: ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար: Նրա հետ ձերբակալվել է ևս 35 մարդ ։ 2026 թվականի նոյեմբերի 5-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխարինվել է 1 ամիս ժամկետով կալանքով:
Հավելենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշում ձևավորել: Բացի այդ, նա նշել էր, որ "իշխանությունները կարող են խորհրդարանական ընդդիմության համար այնպիսի առաջարկ ձևակերպել նոր սահմանադրության վերաբերյալ, որից նա չի կարող հրաժարվել":