
Արմինֆո."Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ 14-ամյա Արփինե Մանուկյանը, ելույթ է ունեցել խորհրդարանում ՝ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված լսումների ժամանակ, որտեղ կիսվել է իր ապրումներով՝ ամռանը մոր ձերբակալության ֆոնին:
Իր ելույթում նա պատմել է, թե ինչ է զգացել, երբ իր մորը ձերբակալել են հայ ուժայինները ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով։ Մասնավորապես, այն պահին, երբ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են իրենց տուն ՝ Մանուկյանին ձերբակալելու համար։ "Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամի դստեր խոսքով ՝ այդ դեպքն ազդել է իր հոգեվիճակի վրա:
"Ես երբեք չէի մտածի, որ բանտ գնալը ՝ մայրիկիս այնտեղ տեսնելու համար, կլինի իմ կյանքի երջանիկ օրերից մեկը: Մայրս հանցագործ չէ: Նա այս ամբիոնից բազմիցս խոսել է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Սակայն Հայաստանում հայրենասիրությունը հավասարեցրել են դավաճանության։ Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ բոլորիս լռեցնել չի հաջողվի։ Ես դա ասում եմ իմ հասակակիցների և անձամբ իմ անունից։ Ապագան մերն է լինելու՝ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանում", - նշել է Արփինե Մանուկյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Թևանյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը 622 հազար դոլարի դիմաց օտար պետությանը փոխանցելու համար: Իսկ մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի: Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով ՝ այդ օրերին իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով: Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, և, հետևաբար, քննչական կոմիտեի նման պնդումներն իրենց տակ հող չունեն։ Իսկ արդեն հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա երկամսյա կալանքի տակ է առնվել "Մայր Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Քննչական կոմիտեի վարկածով ՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ:
Օգոստոսի 18-ին գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութն ուղարկվել է դատարան, սակայն թե Թևանյանը, թե Մանուկյանը շարունակել են գտնվել մեկուսարանում: Սեպտեմբերի 8-ին "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդի կալանքը երկարաձգվել է 3 ամսով: Իսկ սեպտեմբերի 22-ին "Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով: