
Արմինֆո. Սահմանադրական իրավունքի մասնագետ, "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Գոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել նույնանուն քաղաքական ուժի կողմից Ստեփանավանի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների նկատմամբ:
Նման առաջարկով նա հանդես է եկել նոյեմբերի 16-ին ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։ Մելոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խնդիրներից մեկը շարունակում են մնալ մարդու իրավունքների, հատկապես, քաղաքական իրավունքների սահմանափակումներն ու խախտումները: Նա ընդգծել է, որ այսօր երկրում հետապնդումների և պատժի են ենթարկվում հայրենասիրություն դրսևորող մարդիկ: "Կալանքն օգտագործվում է ոչ թե հանցագործությունները կանխելու համար, այլ՝ որպես պատժիչ մահակ։ Ավելին, իշխանությունները չեն սահմանափակվում ազատությունից զրկելով, այլ նաև ոտնձգություն են կատարում մարդկանց արժանապատվության, հեղինակության նկատմամբ: Այդ համակարգի զոհը դարձավ նաև մեր զինակիցը՝ Արսեն Գևորգյանը։ Նա մահացավ մի վայրում, որտեղ պետությունը պատասխանատու է նրա կյանքի համար: Այդ առնչությամբ առաջարկում եմ խորհրդարանական լսումների արդյունքում խորհրդարանական վերահսկողություն սահմանել նրա մահվան հանգամանքների նկատմամբ", - ընդգծել է կուսակցության անդամը։
Բացի այդ, նա կոչ է արել ուսումնասիրել Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը, ինչպես նաև ապահովել նման դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարումը: Իրավագետն առաջարկել է նաեւ խորհրդարանում անհապաղ նախաձեռնել քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված բոլոր անձանց պահման պայմանների քննարկում: "Առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնա ազատազրկման վայրերում պատշաճ բժշկական օգնության ապահովումը ։ Քանի որ Գևորգյանի մահվան պատճառներից մեկը եղել է ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը ։ Ընդհանուր առմամբ, մեր ուղերձը հետևյալն է. անմեղության կանխավարկածը պետք է լինի անսասան սկզբունք, իսկ արդարությունը՝ Ժողովրդավարական և իրավական պետության անկյունաքարը: Արսեն Գևորգյանի մահը մոռացված դրվագ չի դառնա։ Մեզ համար այն ոչ միայն ցավի մասին է, այլև՝ հանուն արդարության պայքարը շարունակելու հանձնառության և այն սկզբունքների մասին, որոնք մենք հռչակել ենք", - եզրափակել է Մելոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի ։ Նոյեմբերի 10-ին նա մահացել է քննչական մեկուսարանում՝ սրտի կաթվածից։ Հատկանշական է, որ քրեական գործի հարուցումից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի ունեցավ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։