
Արմինֆո.Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ռուսական կողմի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջև առաջին հանդիպումը, ենթադրաբար, կլինի շատ շուտով: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ տեղեկատվությունն այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու երկու կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, կհրապարակվի ավելի ուշ։
"Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, մենք դա բազմիցս մեկնաբանել ենք, այդ հարաբերությունների վերականգնումն ունի իր բնական պատնեշը։ Դա մեր երկրի տարածքների օկուպացումն է և, այսպես կոչված, երկու օկուպացված տարածաշրջանների ճանաչումը որպես, այսպես կոչված, պետություններ: Ըստ այդմ, մեր որոշումն այստեղ չի վերանայվի, չի կարող վերանայվել։ Ինչ վերաբերում է մեր հատուկ ներկայացուցչի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի, նրանց փոխարտգործնախարարի հարաբերություններին, ապա այդ հարաբերություններն ակտիվորեն շարունակվելու են ։ Խոսակցությունը լինելու է բոլոր թեմաների շուրջ: Կխոսեն բոլոր այն հարցերի մասին, որոնք նախատեսված են այդ ձևաչափով։
[Առաջին հանդիպումը], հավանաբար, շատ շուտով կլինի, ենթադրաբար, շատ շուտով, որտեղ և երբ կլինի, մենք ձեզ հետ կկիսվենք տեղեկատվությամբ: Գուցե՝ ոչ Թբիլիսիում եւ, ոչ Մոսկվայում, գուցե՝ այլ վայրում ։ Մենք այդ մասին տեղեկատվությունը կկիսենք հանրության հետ", - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
Այսօր ավելի վաղ "Իզվեստիա" -ին Ռուսաստանի ԱԳՆ-ից հաղորդել էին, որ Մոսկվան կապ է հաստատել Վրաստանի վարչապետի ՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ: Նրա ռուս ընդդիմախոսն է դարձել արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական եւ փոխշահավետ հարաբերությունների կառուցման օգտին, հավելելով, որ բանակցողները կկենտրոնանան առեւտրի ընդլայնման, զբոսաշրջության զարգացման, տրանսպորտային հաղորդակցության եւ մշակութային փոխանակումների վրա:
Նախարարությունում նոր ձեւաչափը անվանել են ռուս - վրացական ուղիղ երկխոսության փաստացի վերսկսում, որը սկսվել է 2012 թվականին եւ շարունակվել գրեթե տասը տարի: