


ԱրմԻնֆո. Երեկ Ֆնոմպենում կայացած Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սամդեխ Մոհ Բորվոր Թիպադեյ Խուն Մանեթի հանդիպումը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել Ֆնոմպենում կայացած Ֆրանկոֆոնիայի համագործակցության ֆորումի գագաթնաժողովի ընթացքը և նշել, որ այն անցնում է երկրների միջև սերտ համագործակցությանը նպաստող արդյունավետ մթնոլորտում։
Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել են առկա ներուժի իրացմանն ուղղված քայլերին։ Երկրների միջև հեռավորությանը չնայած՝ կողմերը ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և այս ուղղությամբ համատեղ քայլերի կարևորությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ։


