
Արմինֆո. Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկել է նախաձեռնել գերիների ազատ արձակման հարցով եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով.
1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։
3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։
Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։
Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։
Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։ Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ», - գրել է Նժդեհ Իսկանդարյանը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: