
Արմինֆո. Գերիների ազատ արձակման հարցը լուծելու համար մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դուբլինում ելույթի ժամանակ։
Նա ընդգծել է, որ գերիների փաստի առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։ "Եվ եթե թշնամանքը խորանա, ուրեմն այդ հարցը 100 տոկոսով չի լուծվի", - ասել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը այս իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհն է: «Այս հարցը միշտ եղել է և կա մեր օրակարգում ։ Դիվանագիտական շփումների ընթացքում մենք մշտապես բարձրացնում ենք այն, եւ երբեք չենք մոռանում այդ խնդրի մասին, շարունակելով անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն", - հավաստիացրել է կառավարության ղեկավարը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։