


«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հայկական ԶՈՒ ներկայությունն օկուպացված տարածքներում հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է, ինչպես նաև իրավիճակի սրման և միջադեպերի պատճառը», - ԱՊԱ-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը:
«Հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման համար միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի պահանջներին համապատասխան, առաջին հերթին պաշտոնական Երևանից պետք է վճռականորեն պահանջի հայկական զինված ուժերի դուրս բերում բոլոր օկուպացված տարածքներից», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն փորձել է հայկական կողմի վրա բարդել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար ողջ պատասխանատվությունը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի հայկական զինուժի կողմից Ադրբեջանի տարածքում քաղաքացիական օբյեկտների հրետակոծությունները, ինչը Հայաստանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: Ստեղծված իրավիճակի համար ողջ պատասխանատությունը լիովին ընկնում է Հայաստանի վրա` որպես ագրեսոր և օկուպանտ երկիր», - ասվում է Ադրդբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական 2 ռազմական ուղղաթիռ, երկու անօդաչու սարք, 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի:



