
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, ում որոշմամբ կալանավորվել էր բանտում մահացած "Ուժեղ Հայաստան" կուսակցության Ստեփանավանի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Ինչպես նշվում է իրավական ակտերի Datalex համակարգում հրապարակված հաղորդագրությունում, դատավորը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ առանձին անձանց և լրատվական կայքերի տարբեր հրապարակումներում հայտնվել են հայտարարություններ, թե Գևորգյանի մահը կապված է նրան կալանավորելու հանգամանքների հետ: "Չնայած՝ ես կարծում եմ, որ տվյալ վարույթի շրջանակներում ի վիճակի եմ պահպանել անաչառությունը, վերը նշված հանգամանքները կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ հիմնավոր կասկածներ առաջացնել։ Այդ առնչությամբ կարող է կասկածի տակ դրվել քրեական գործով ողջ դատավարության անաչառությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում ընդունվելիք դատական ակտերի արդարացիությունը: Հետևաբար, ելնելով արդարադատության շահերից, անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնել", - ասված է հիմնավորման մեջ։
Ըստ աղբյուրի ՝ գործը մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել էր երկամսյա կալանքի կամ տնային կալանքի։ Նոյեմբերի 10-ին նա մահացել է քննչական մեկուսարանում։ Պատճառը սրտի կաթվածն է եղել։
Հատկանշական է, որ քրեական գործի հարուցումից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։