
Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներ Հայկ Կոնջորյանը եւ Արամ Վարդեւանյանը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ հանդիպմներում քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Հայկ Կոնջորյանը Կլաուդիա Բուշի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական ու արդյունավետ համագործակցության զարգացումը՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերը։ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարթակում ակտիվ երկխոսությունը կշարունակվի՝ նոր լիցք հաղորդելով միջխորհրդարանական կապերին։
Դեսպանը կարևորել է խորհրդարան այցելելու և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորությունը։ Կլաուդիա Բուշը դրական է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ վերահաստատելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և օրենսդիր մարմնի ներուժի զարգացմանը շարունակաբար աջակցելու պատրաստակամությունը։
Հայկ Կոնջորյանն, իր հերթին բարձր է, գնահատել GIZ-ի աջակցությամբ խորհրդարանում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԺ փոխնախագահի խոսքով համագործակցության լայն հնարավորություններ կան՝ խորհրդարանական ժողովրդավարության և դիվանագիտության ոլորտում Գերմանիայի լավագույն փորձն ուսումնասիրելու ուղղությամբ։
Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով առանցքային առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղության օրակարգին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և վիզաների ազատականացման գործընթացներին։
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի եւ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել, իր խոսքով, երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, իր գնահատմամբ, առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։ Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։