


Արմինֆո. Սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կմեկնարկի «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից, աշխատաժողովին կմասնակցեն առաջատար հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։ Աշխատաժողովի ժամանակ կներկայացվի հայկական գենոմի նախագիծը, բնակչության գենետիկական ուսումնասիրությունների պատմությունը Հայաստանում, Եվրոպայի բնակչության գենոմային հետազոտությունների նախագիծը, գենետիկական տեղեկատվության կիրառումն առողջապահության և հիվանդությունների կանխարգելման ոլորտներում, մարդու գենետիկայի ծրագրի կառավարումը, տարբեր երկրներում գենոմային ուսումնասիրությունների արդյունքները, գենոմիկայի զարգացումը տարբեր երկրներում և թե ինչ է ստանում երկիրն այդ զարգացման արդյունքում։ Կներկայացվեն մոլեկուլային բժշկության դարաշրջանում քաղցկեղի բուժման զարգացման միտումները, «Illumina» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լուծումները վերարտադրողական առողջության ոլորտում։
Աշխատաժողովը կազմակերպում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ Ասիայի գիտությունների ակադեմիաների և ընկերակցությունների ասոցիացիայի (AASSA) կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: AASSA-ն միավորում է Ասիայի և Օվկիանիայի գիտական և տեխնոլոգիական ակադեմիաներն ու գիտական ընկերակցությունները։ Ներկայում AASSA-ի կազմում ընդգրկված են 30 երկրի 32 գիտությունների ակադեմիա և ընկերակցություն, ինչպես նաև ճարտարագիտության և տեխնոլոգիաների մեկ տարածաշրջանային ակադեմիա։ ԳԱԱ-ն ևս AASSA անդամ է:


